Ես կարծում եմ` ապրիլի 2-ին իշխանությունների «դուխը» չի հերիքի այնպիսի թվեր «նկարել», որպեսզի ապագա խորհրդարանում ձևավորվի հանրապետական մեծամասնություն և միակուսակցական կառավարություն: Ճիշտ է, նման սցենարին դժվար թե կարողանան դիմադրել մեր ընդդիմադիրները և հասարակությունը, բայց կա արտաքին աշխարհի գործոնը, որը միշտ իշխանություններին կաշկանդում է: Մյուս կողմից, ես նայում եմ իշխանության հիմնական «այլընտրանքին» ու մտածում եմ, որ նույն Գագիկ Ծառուկյանը, անկախ նախընտրական հռետորաբանությունից, «դուխ» չունի ձևավորելու իր մեծամասնությունը` շրջանցով ՀՀԿ-ին: Ի վերջո, դեռ թարմ են երկու տարվա վաղեմության իրադարձությունների
հիշողությունները:
Հաշվի առնենք այն հանգամանքը, որ կառավարման խորհրդարանական համակարգը մի փոքր «քաղաքակրթելու» է գործող իշխանություններին` վերջիններիս ստիպելով հասկանալ քաղաքական կոմպրոմիսի անհրաժեշտությունը: Գործնականում` ՀՀԿ-ն կոալիցիա կարող է կազմել ՀՅԴ-ի, ՀՎԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի հետ: Այս չորս ուժերը, անկախ քաղաքական այսօրվա դիրքավորումից, արժեքային միևնույն համակարգի կրողներ են: Սակայն նրանցից մեկն ավելորդ է, որովհետև, նոր օրենսդրությամբ, կոալիցիայի մասնակիցների թիվը չի կարող գերազանցել երեքը: Ըստ այդմ, ընտրությունների արդյունքներից կախված, կարող են ձևավորվել ՀՀԿ-ՀՅԴ կամ ՀՀԿ-ՀՅԴ-ՀՎԿ կոալիցիաները: Ես խորապես վստահ եմ, որ «Ծառուկյան» դաշինքն այս ընտրություններից հետո կոալիցիա չի կազմի ՀՀԿ-ի հետ և բուֆերի դեր կկատարի իշխանություն-հասարակություն հարաբերություններում: Հատկապես, որ իշխանության հարցը հանգուցալուծվելու է 2018- ին, ու ապրիլի 2-ից հետո ձևավորվելիք կոալիցիան ընդամենը մեկ տարվա կյանք է ունենալու:
Այ, 2018-ից հետո չեմ բացառում ՀՀԿ- «Ծառուկյան» դաշինք կոալիցիան, որովհետև այդ ժամանակ է ամբողջանալու իշխանության քաղաքական դեմքը: Ի դեպ, գուցե տարօրինակ է, բայց եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է իշխանության ղեկին մնալ 2018-ի ապրիլից հետո, ապա նրան օբյեկտիվորեն ձեռք չի տալիս, որ այս ընտրություններից հետո ՀՀԿ-ն ձևավորի միակուսակցական կառավարություն: Կոալիցիոն սխեմաները Սերժ Սարգսյանին մանևրելու մեծ հնարավորություն են տալիս:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ